Արցախը 110 օր է շրջափակված է։
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է տեղեկագիր։
Նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանական կողմն աճող պարբերականությամբ խախտում է հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Միջադեպերի պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Մարտի 25-ից Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքների հետ հրատապ կապի համար օգտագործվող Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով արդեն հնարավոր չէ օգտագործել, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, կրակային ուղիղ վերահսկողության տակ են վերցրել ճանապարհը։
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 229 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 186 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (110 օրվա ընթացքում մարդկանց 269,500 -ի փոխարեն՝ 1,453 մուտք և ելք):
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 46 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (110 օրվա ընթացքում 101,200-ի փոխարեն՝ 2,234 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից):
Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (110 օրվա ընթացքում մոտ 44,000 տոննայի փոխարեն՝ 3,823 տոննա):
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 44 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 81 օր շարունակ: Դա հանգեցրել է օրական վեցժամյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18.3%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 210 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 23 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: