Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում մարտի 28-ին տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Աշխեն Ղարսլյանը։
Դատախազությունը Հրայր Թովմասյանից ու նրա կնոջից պահանջում է բռնագանձել 3 բնակարան և 142 միլիոն դրամ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանն այսօր դատարանում ներկայացրեց հայցի հիմքը և առարկան։ Հայցվորի խոսքով՝ ուսումնասիրվող ժամանակահատված է սահմանվել 2002 թվականի հունիսի 7-ից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը։ Նշվում է, որ ուսումնասիրության ընթացքում պատասխանողները հրավիրվել, սակայն չեն ներկայացել դատախազություն․ «Չեն ներկայացրել դիրքորոշում կամ հայտարարագիր»:
Դատախազությունը պահանջում է Հրայր Թովմասյանից և Լամարա Խուդավերդյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2002 թվականին ամուսինների ձեռք բերած բնակարանը, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում (87.6 քմ)։ Դրա արժեքը կազմել է 12 հազար դոլար։ Հայցվորի պնդմամբ՝ արժեքի 73 տոկոսը չի հիմնավորվել օրինական եկամուտների մնացորդով։
Բացի այդ, 2007 թվականին Հրայր Թովմասյանը բնակելի տուն է ձեռք բերել Արարատի մարզի Դարակերտ գյուղում (շենքը՝ 527․2 քմ, հողամասը՝ 0,088 հեկտար)՝ 7 միլիոն դրամով։ Նույն թվականին ՍԴ դատավորը բնակարան է գնել Ալեք Մանուկյան փողոցում՝ 23 միլիոն դրամով, որն օտարել է 2014 թվականին։
«Նույն թվականին վերջինս ստացել է 7 միլիոն 153 հազար դրամ աշխատավարձ։ Հրայր Թովմասյանը և նրա կինը կատարել են վարկի մարումներ և այլ վճարումներ 1 միլիոն 377 հազար դրամի չափով։ Հիմք ընդունելով ստացված եկամուտները, կատարված ծախսերը՝ Դարակերտ գյուղում բնակելի տան ձեռք բերման համար անհրաժեշտ գումարի 2 միլիոն 871 հազար դրամի կամ 46 տոկոսի օրինականությունը չի հիմնավորվում։ Չի հիմնավորվում նաև Ալեք Մանուկյան փողոցում բնակարանի ձեռք բերման համար անհրաժեշտ 23 միլիոն դրամը»,-նշեց Նաիրա Արտաշեսյանը՝ հավելելով, որ 2007 թվականի տարեվերջին Հրայր Թովմասյանը և նրա ընտանիքի անդամները օրինական եկամուտի մնացորդ չեն ունեցել։
Բացի այդ, 2013 թվականի օգոստոս ամսին Հրայր Թովմասյանը Ալեք Մանուկյան փողոցի 8/1 շենքի առաջին հարկի տարածքի վարձակալությունից ստացել է 2 միլիոն 600 հազար դրամ եկամուտ, որից օրինական է դիտարկվել միայն 4 տոկոսը (104 հազար դրամ)։
«2013 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում Թովմասյանը Բաղրամյան պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 2 միլիոն 400 հազար դրամ, որից օրինական է դիտարկվել 55 տոկոսը (1 միլիոն 320 հազար դրամը)։ Բացի այդ, 2013 թվականին վերջինս Բուզանդի փողոցում բնակարան է գնել (213.5 քմ)՝ 83 միլիոն դրամով, որի 99 տոկոսը չի հիմնավորվում օրինական եկամուտների մնացորդով»,-նշեց հայցվորը։
Պատասխանողների ներկայացուցիչներ Արամ Օրբելյանին և Արթուր Հովհաննիսյանին դատարանն առաջարկեց հարցեր ուղղել հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ, սակայն վերջիններս նշեցին, որ չեն կարող այս գործով արդյունավետ դատական պաշտպանություն իրականացնել, քանի դեռ չի քննարկվել գործի կասեցման վերաբերյալ իրենց ներկայացված միջնորդությունը։
Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում: Քննության մասնակցում է նաև դատավոր Հրայր Թովմասյանը։ Փաստաբանները կարծում են, որ քաղաքացիական գործի շրջանակներում դատավորի արտահայտած մտքերը, կարծիքը կարող են «հակադրվել» «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ անաչառ, անկողմնակալ լինելու վերաբերյալ պահանջներին։
«Մեզ մոտ ունիկալ վիճակ է առաջացել։ Գործը քննության ընդունելու փուլում Սահմանադրական դատարանում Հրայր Թովմասյանի՝ գործին մասնակցության անհնարինությունը չի հաստատվել։ Ունենք հետևյալ իրավիճակը․ կա քաղաքացի Հրայր Թովմասյանի դատական պաշտպանության իրավունք, որը ենթադրում է գործին մասնակցություն, քննարկում։ Ունենք նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված պարտականություն՝ մասնակցել դատական քննությանը, լինել անաչառ և դատավորը բավականին սահմանափակ պետք է լինի իր կարծիքը արտահայտելիս»,-նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ Հրայր Թովմասյանի հետ դեռևս չի քննարկել գործի մանրամասները՝ նշված կազուսը հաշվի առնելով։
Ներկայացուցչի խոսքով՝ դատարանի ցանկացած որոշում իրեն բավարարելու է, քանի որ եթե դատավորը որոշում ընդունի, որ կասեցման հիմքեր չկան, նա ունենալու է իրավական ակտ, դատարանի որոշում՝ գործի մանրամասներն անխոչընդոտ քննարկելու համար:
Դատարանը միջնորդության վերաբերյալ արձանագրային որոշում ընդունեց, որով մերժեց այն։
«Մերժումը պատճառաբանվում է հետևյալ փաստարկներով․ պատասխանողի կողմից բերվում են դատավարական իրավունքներից օգտվելու անհնարինության վերաբերյալ փաստարկ, որը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից։ Նշված հիմքով գործի վարույթի կասեցում հնարավոր է այն դեպքում, երբ 2 գործերի միջև ուղղակի կապ կա փաստական հանգամանքների կամ կիրառման ենթական օրենսդրության առումով։ Սահմանադրական վարույթում որևէ իրավանորմի սահմանադրականության հարցի լուծումը պետք է ուղղակիորեն արգելակի մեկ այլ գործով դատավարական գործողությունների իրականացման հնարավորությունը։ Քննարկվող միջնորդությունը սակայն այդ փաստարկի վկայակոչմամբ չի բերվել, հետևաբար՝ չի հիմնավորվում կասեցման հիմքի առկայությունը»,-նշեց նախագահող դատավոր Աշխեն Ղարսլյանը՝ հավելելով, որ Հրայր Թովմասյանը հնարավոր ունի իրացնելու իր դատավարական իրավունքներն ու լիազորությունները։
Դատական նիստը հետաձգվեց։
Եվգենյա Համբարձումյան