Սամվել Մայրապետյանի փաստաբանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Կարապետ Բադալյանին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մարտի 27-ին, շարունակվեց գործարար Սամվել Մայրապետյանի և Գագիկ Հակոբջանյանի գործով դատական նիստը։ Դատախազությունը պահանջում է հօգուտ ՀՀ պետական բյուջեի, համապարտության կարգով, շուրջ 5 միլիարդ 678 միլիոն դրամ որպես պետության պատճառված վնասի հատուցում բռնագանձել պատասխանողներից։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ 2002թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ Ընկերությունը պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք․ «Կառուցումից անմիջապես հետո Ս. Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Գործընթացի հետևանքով Գ. Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.678.764.260 դրամի հարկ»։ 

Նշվում է, որ առկա է պետության գույքային շահի խախտման հանգամանք։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Ս. Մայրապետյանից և Գ. Հակոբջանյանից 5.678.764.260 դրամ բռնագանձելու պահանջով: 

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում Մայրապետյանի ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին։

Փաստաբան Արսեն Հարությունյանը միջնորդությունը հիմնավորեց նախորդ դատական նիստին տեղի ունեցածով և իրենց ներկայացրած միջնորդության մերժման վերաբերյալ դատական ակտով։ Ըստ նրա՝ նախորդ դատական նիստի ընթացքում, երբ դատախազը ներկայացրել է հայցի հիմքը և առարկան, պատասխանողները փորձել են հարցեր ուղղել հայցվոր կողմին, սակայն դրանք դատարանի կողմից հանվել են։  

«Այնուհետև, փաստաբան Սիմոն Բաբայանը փորձել է իրացնել փաստարկներ և դիրքորոշումներ ներկայացնելու իրավունքը, սակայն դատարանը թույլ չի տվել դրանք հայտնել և նրան զրկել է այդ իրավունքից»,-նշեց նա։

Նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանողների ներկայացուցիչները հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանը մերժել էր։ Պատասխանող կողմը հակված է այն դիրքորոշմանը, որ այս գործով դատախազությունը չի կարող հայցվորի դերում հանդես գալ։

Սամվել Մայրապետյանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Բաբայանը նշեց, որ անհրաժեշտ են օրենսդրությամբ նախատեսված կարգ և պայմաններ, որոնց դեպքում դատախազությունը կարող է այս գործով հայցվորի կարգավիճակում հանդես գալ։

«Մենք առ այսօր չունենք նշված այն հիմքերը, որոնց առկայությամբ պայմանավորված դատախազությունը հնարավորություն կունենա մասնակցել այս գործի քննությանը։ «Դատախազության մասին» օրենքը տալիս է կարգը, թե ինչ եղանակով է դատախազությունը մասնակցում շահերի պաշտպանությանը։ Դեպքերից առաջինն այն է, երբ դատախազությունը իր լիազորություններն իրականացնելիս համապատասխան պետական մարմնին ցուցում է տվել և վերջինս չի կատարել իր պարտավորությունը ու այդ պատճառով այն կատարում է դատախազությունը։ 2-րդը, երբ դատախազությունը իր լիազորություններն իրականացնելիս պարզում է, որ գործով պետական շահերի պաշտպանության հայցատեսակով որևէ մարմին այն ներկայացնելու իրավասություն չունի։ 3-րդ դեպքը, երբ հայցադիմումը ներկայացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում»,-հայտարարեց Սիմոն Բաբայանը՝ հավելելով, որ այս գործի քննության ընթացքում իր կողմից մատնանշված 3 դեպքերից որևէ մեկը չի բացահայտվել։

Փաստաբանի խոսքով՝ դատախազությունն, ըստ էության, կարծում է, որ պետական շահերի պաշտպանության հայցատեսակով որևէ մարմին այն ներկայացնելու իրավասություն չունի և այդ գործառույթը ինքն է կատարում։ Սակայն պատասխանողները պնդում են, որ այս գործով պետական շահերի պաշտպանության հայցադիմում ներկայացնող իրավասու մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է։

Արսեն Հարությունյանը պնդեց, որ դատարանն անտեսել է նշված կարգավորումը, բացի այդ՝ գործի նյութերում առկա չէ որևէ վերաբերելի ապացույց դատախազի՝ հայց հարուցելու իրավասության առկայության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով դատարանի անկողմնակալության բացակայության վերաբերյալ տպավորություն է ստեղծվում․ «Բացարկ եմ հայտնում Ձեզ։ Խնդրում եմ, որ այս միջնորդությունը բավարարվի և դատական գործը փոխանցվի այլ դատավորի քննությանը՝ վերը նշված կասկածները փարատելու համար»։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանի կարծիքով՝ դատական ակտում տեղ գտած ձևակերպումները չեն կարող հիմք հանդիսանալ վերջինիս բացարկ հայտնելու համար։

«Ես կարծում եմ, որ նշված մոտեցումը խիստ անընդունելի է, որովհետև այն կարող է հանգեցնել դատական իշխանության հեղինակազրկմանը։ Գտնում եմ, որ միջնորդությունը չի կարող հիմք հանդիսանալ դատավորի կողմնակալությունը փաստելու համար։ Ի՞նչ է նշանակում «որպեսզի մեր կասկածները փարատվեն, թող դատարանը ինքնաբացարկ հայտնի և գործը այլ դատավոր քննի»։ Կարծում եմ, որ ցանկացած կասկած չէ, որ դատարանը պարտավոր է փարատել։ Դատարանը արդարադատություն է իրականացնում»,-նշեց Աղավնի Մադոյանը։ Ըստ նրա՝ դատավորը որևէ խախտում թույլ չի տվել։

Նշենք, որ Գագիկ Հակոբջանյանի ներկայացուցիչները ևս միացան Արսեն Հարությունյանի և Սիմոն Բաբայանի ներկայացրած բացարկի միջնորդությանը, որի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մարտի 30-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել