ԱԺ-ում հրապարակվեց Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ նախագծի քվեարկության արդյունքները

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագծի փակ քվեարկությանը 30 պատգամավոր է մասնակցե։

Նախագիծը 30 «կողմ» և 0 «դեմ» ձայն է ստացել, այն չի ընդունվել։ Այսպիսով, Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովը ՍԴ չի դիմի։

Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ չի մասնակցի քվեարկությանը։

Հիշեցնենք, որ նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումը՝ ուղղված ԱԺ խմբակցություններին։

«․․․Ողջամիտ ենթադրություն է ձևավորվում, որ Սեդա Սաֆարյանը խախտել է Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմելու Սահմանադրական դատարանին՝ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով»,-նշվում է հիմնավորման մեջ։

Նախագծում ասվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ։

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը հունվարի 26-ին Iravaban.net-ի հետ զրույցում անդրադարձել էր հարցին։

«Այդպիսի խնդիր չկա, որ փորձեն կրակ վառեն, ձեռքերն էլ տաքացնեն։ Դա մի փոքրիկ խնդիր է, որի հետ կապված քննարկում եղել է և չեմ կարծում, որ դա կարող է բնորոշվել որպես «ներկայացուցչության իրականացում»։ Գուցե դատարանին ունեն հարցեր ուղղելու, դատարանի չեն ուղղում, ինձ են ուղղում»,-նշել էր Սաֆարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել