Բարձրագույն դատարան խորհրդի մարտի 20-ի որոշմամբ՝ նախագահին է առաջարկվել Անի Դանիելյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Նա այժմ զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։
Iravaban.net-ը հայտնում է, որ Դատական իշխանության պաշտոնական կայքում նշված տեղեկության համաձայն՝ Դանիելյանը Մարտունու նստավայրի միակ դատավորն է։
«2023 թվականի մարտի 20-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
1. Հանրապետության նախագահին առաջարկել Անի Կարենի Դանիելյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Անի Կարենի Դանիելյանի՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է որոշման մեջ:
Ներկայացնում ենք Անի Դանիելյանի կենսագրությունը․
Ծնվել է 15.01.1991թ. Երևան քաղաքում:
Կրթություն
2008-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
2012–2014թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ այն ավարտելով գերազանցության դիպլոմով:
2014թ.-ին ընդունվել է նույն համալսարանի ասպիրանտուրա, որն ավարտել է 2018թ.-ին, թեկանածուական ատենախոսությունը մասնագիտական խորհրդի կողմից երաշխավորվել է պաշտպանության և պաշտպանության է նշանակվել 29.04.2019թ.-ին:
Աշխատանքային փորձ
07.07.2009-30.07.2009թթ. աշխատել է ՀՀ Դատական դեպարտամենտ ՊԿՀ–ում՝ որպես Կենտրոնական մարմնի ցրիչ:
03.08.2009-18.03.2011թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում՝ որպես գրասենյակի գործավար:
18.03.2011-31.01.2012թթ. աշխատել է «Տնտեսական անվտանգության ծառայության «ԱՎՏ-Ջ» » ՍՊԸ–ում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդականի օգնական:
01.03.2012-15.08.2012թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի գործավար, ապա՝ մինչև 14.03.2014թ.-ը՝ որպես դատավորի օգնական:
14.03.2014-01.09.2016թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես քրեական պալատի նախագահի ավագ օգնական:
Այնուհետև մինչև 01.06.2018թ.-ը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը՝ ստանալով առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
01.06.2018-01.11.2019թթ. աշխատել է «Դիջիթեյն» ՍՊԸ–ում՝ որպես իրավաբան:
01.11.2019-03.08.2020թթ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2016թ.-ի սեպտեմբերից առ այսօր դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն):
2017թ.-ից դասավանդում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում՝ դատավորների, իսկ 2018թ.-ին՝ նաև դատախազների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում:
Հեղինակ (համահեղինակ) է 17 գիտական հոդվածների և մեկ մենագրության:
09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 24-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. օգոստոսի 25-ի թիվ ՆՀ-194-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Ազատ տիրապետում է անգլերենին և ռուսերենին, ինչպես նաև MS Office, Internet ծրագրերին: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: