Դատախազությունը պահանջում է բռնագանձել Միհրան Պողոսյանին պատկանող միլիարդավոր դրամները, 15 անշարժ գույք և նրա դստերը պատկանող Porsche-ը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 15-ին, դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը։

Ըստ դատախազության՝ բռնագանձման է ենթակա

  • Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը անհատական բնակելի տուն Երևանում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաև մասնակցություններ 6 իրավաբանական անձերում,
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,
  • 465 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը ներկայացրեց հայցի առարկան և հիմքերը։ Նա նշեց, որ հայցադիմումի խնդրամասում ներկայացված գույքերը չեն հիմնավորվել Միհրան Պողոսյանի օրինական եկամուտներով, հրապարակեց դրանց հասցեները և շուկայական արժեքները։

«Հայցի առարկան են կազմում նաև Միհրան Պողոսյանի դստեր անվամբ հաշվառված Porsche Macan ավտոմեքենան, որի շուկայական արժեքը կազմում է 23 միլիոն 100 դրամ։ Ինչպես նաև «Չայխանա 1» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասը, Գագիկ Բադալյանի անվամբ հաշվառված, Ծաղկաձորում գտնվող քոթեջային տարածքը, որի շուկայական արժեքը 182 միլիոն դրամ է և Զաքյան փողոցում 2/6 հասցեի 225 միլիոն 800 դրամ արժողությամբ տարածքը։ Հայցի առարկայում ներառված է նաև Արթուր Թադևոսյանի անվամբ հաշվառված ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը, ըստ իրավասու մարմնի, օրենքի իմաստով պատկանում է Միհրան Պողոսյանին։ Էդուարդ Հարությունյանի անվամբ հաշվառված «Կեչառիս հոթել» ՍՊ ընկերությունը, Գոհար Նազարյանի անվամբ հաշվառված «Ֆրուտիմէքս» ՍՊ ընկերությունը, Անտոնիո Ռիկարդո Մերինոյի անվամբ հաշվառված «Քեթրին Գրուպ» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը, Միհրան Պողոսյանի կողմից տրամադրված փոխառություններից մնացած 505 միլիոն 839 հազար 400 դրամի պահանջի իրավունքը, նրա կողմից «Քեթրին Գրուպ» ընկերությանը տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը, այն է՝ 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով։ Բացի այդ, իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ Միհրան Պողոսյանից բռնագանձել 465 միլիոն 628 հազար 637 դրամ և 6 միլիարդ 141 մլն 24 հազար դրամ՝ որպես չնույնականացված կամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորված գումար»,-ասաց Ենոքյանը։

Միհրան Պողոսյանի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը նշեց, որ շուրջ 6 միլիարդ դրամի առաջադրված դրամական պարտավորությունը որևէ կերպ հիմնավորված չէ հաշվարկներով։ Փաստաբանի խոսքով՝ հայցադիմումի մեջ չկա կատարված հաշվարկ, որի հիման վրա ձևավորվել է այդ գումարը։

«Մենք ունենք ըստ տարիների հայցադիմումում սահմանված ծախսերի, ապօրինի ձեռքբերումների, եկամուտների հաշվարկը, սակայն թե դրա որ մասն է մասհանված վերաբերում ծախսերին և բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությանը՝ պարզ չէ։ Պատասխանողին չեն տրամադրվել նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը, որովհետև դրանք գաղտնագրված են։ Ինչքան էլ փորձել ենք այդ տեղեկությանը տեխնիկական հասանելիություն ստանալ, այդպես էլ չենք կարողացել։ Եթե անգամ ներկայացվում է հայցի առարկան և հիմքը, սակայն դրա բովանդակությունից և փաստական հիմքերից, ինչպես նաև դրա հիման վրա կատարված հաշվարկից պատասխանողի համար առնվազն անհասկանալի է, թե ինչ դրամային պարտավորության մասին է խոսքը, քանի որ մի դեպքում ապօրինի ձեռբերումը համարվում է ծախս, մի դեպքում՝ ոչ։ Այստեղ ունենք նաև 465 միլիոն դրամի չափով «դրամական միջոցների մնացորդ» հասկացությունը, որը ընդհանրապես անհասկանալի է պատասխանողի համար։ Յուրաքանչյուր տարվա կտրվածքով ներկայացած են ծախսերի և եկամուտների կոնկրետ թվեր, ապա ինչու է հաջորդ տարվա հաշվարկը կատարելիս նշվում, որ նման ծախսեր կատարելու համար համապատասխան միջոցները Միհրան Պողոսյանը չի ունեցել և դրանք կրկնակի անգամ դիտարկվել են ապօրինի։ Կան հարցեր, որոնց պատասխանը չստանալու դեպքում պատասխանողի կողմից որևէ դիրքորոշում ներկայացնելը, պաշտպանության իրավունքից օգտվելը անհնարին է դառնում և սահմանափակվում է»,-նշեց Մերի Խաչատրյանը՝ խնդրելով, որ պարզաբանումներ, հաշվարկներ տրամադրվեն, որպեսզի իրենց համար պարզ լինի, թե ինչ դրամային պարտավորության մասին է խոսքը։

Ենոքյանի խոսքով՝ հնարավոր է բանկային գաղտնիք համարվող տեղեկությանը անհասանելիությունն է պատճառ դարձել, որ պատասխանողի ներկայացուցչի համար հաշվարկներով չհիմնավորված են դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ պահանջը։

«Օրինակ՝ նշված է, որ 1 տարում 9 միլիոն դրամի ապօրինի միջոցների հաշվին ծախս է կատարվել, դա կարող է բաղկացած լինել 10 հազար տարբեր տողերից (բանկային գործարքներից/փոխանցումներից-խմբ․) և դա հնարավոր չէ ներառել հայցադիմումի մեջ, սակայն առկա է գործի նյութերում»,-նշեց դատախազության ներկայացուցիչը՝ հավելելով, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը Excel ֆայլով տրամադրվել է պատասխանող կողմին։ Ըստ նրա՝ տեխնիկապես հնարավոր չէ, օրինակ՝ 20 հազարից ավելի գործարք նկարագրել հայցադիմումի մեջ։

Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը նշեց, որ արդեն մի քանի ամիս է փորձում են հաշվապահների միջոցով հասկանալ դրամական պարտավորության հիմքը ո՞ր ծախսերից է բաղկացած՝ ըստ տարիների․ «Պետք է լինի հիմնական պահանջ և դրա անհնարինության դեպքում դա հանգեցնի դրամային պարտավորության։ Հայցի հիմքերի ուսումնասիրությունից պատասխանողի համար պետք է պարզ լինի, թե վերջինս ինչից է պաշտպանվելու։ Այս դեպքում նշված դրամային պարտավորությունների առաջացման հիմքերը և հաշվարկը (ըստ տարիների), որպեսզի պարզ լինի՝ որ ծախսերի հանրագումարն է բերում 6 միլիարդ դրամական պահանջին»։

Այսպիսով, պատասխանող կողմը ցանկանում է հասկանալ, թե կոնկրետ ո՞ր ծախսերն են ձևավորել այդ 6 միլիարդ դրամը, բացի այդ՝ ինչո՞ւ է դատախազությունը դրանք դրամական միջոցների ձևով պահանջում բռնագանձել։

Տիգրան Ենոքյանը նշեց, որ իրավասու մարմինը հայցադիմումի մեջ նշել է գույքի ձեռք բերման գումարը և եթե այն ձեռք է բերվել ապօրինի միջոցների հաշվին, առկա է հիմքը, ապա գույքն ամբողջ ծավալով ապօրինի է դիտարկվել։ Եթե տվյալ գույքը օտարվել է, ապա ապօրինի է դիտարկվել գույքի օտարումից, վաճառքից ստացված եկամուտը։ Իսկ եթե օտարվել է անհամեմատ ցածր արժեքով, ապա պահանջվել է այդ գույքը ձեռք բերելու և օտարումից ստացված եկամուտի տարբերություն գումարը․ «Միևնույն գույքի ձեռբերումը և օտարումը ներկայացված հաշվարկում 2 անգամ, մի դեպքում գումար, մյուս դեպքում՝ գույք, չի նշվել։ Մենք կապիտալացված ծախսը չենք պահանջել»։

Դատախազության ներկայացուցիչը ևս մեկ անգամ շեշտեց՝ կրկնակի բռնագանձման պահանջներ չեն ներկայացվել։ Իսկ 465 միլիոն դրամը վերաբերում է ամեն տարի կուտակված ապօրինի գումարին։

Պատասխանողներից Գագիկ Բադալյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հետաքրքրվեց, թե ինչ մեթոդաբանությամբ է կատարվել հաշվարկը։ Քանի որ հայցադիմումի մեջ առկա է «այլ ծախսեր» բաժին, որի համաձայն շուրջ 41 միլիոն դրամ էլ պետք է բռնագանձվի։

«Որպեսզի այդ 41 միլիոն դրամի ծախսերը 2006-ի հաշվարկի մեջ ներկայացվի, մենք պետք է ամենաքիչը 1000 գործարք նկարագրենք։ Դա նկարագրված չէ, քանի որ իրավասու մարմնին բավարար է ծախսերի ֆիքսված թիվը՝ կոնկրետ տարվա համար։ Դրա համար ինչ-որ մեթոդոլոգիա պետք չէ»,-ասաց Ենոքյանը։

Նախագահող դատավոր Աշխեն Ղարսլյանը նշեց, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել, քանի որ դրանում բովանդակային պայմանները պահպանված են եղել։

«Բովանդակային տարրերից մեկն այն է, որ եթե ներկայացվում է գումարի բռնագանձման պահանջ, հայցադիմումը պետք է բովանդակի այդ գումարի բռնագանձման հաշվարկը։ Նախագահողը դա ստուգում է առերևույթ՝ կարդալով, ծանոթանալով հայցադիմումի բովանդակությանը։ 465 միլիոն դրամի և 6 միլիարդ դրամի վերաբերյալ հաշվարկ ներկայացված է։ Այլ հարց է, որ հաշվարկն այն կազմով, որը ակնկալում է տիկին Խաչատրյանը գործարքների մասով, այդ մասով հաշվարկ գուցե առերևույթ ներկայացված չի եղել։ Իսկ թե ընդհանուր առմամբ ինչպես է գոյացել այդ ծախսը, այո ներկայացված է»,-նշեց դատավորը։

Մերի Խաչատրյանը նշեց, որ իրենց համար առաջին հերթին պարզ չէ, թե ըստ տարիների՝ ինչպես է ձևավորվել այդ 6 միլիարդ դրամը։ Ենոքյանը նշեց, որ եթե պատասխանող կողմը ծանոթ լիներ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությանը, ապա նման հարցեր չէին ծագի։

Արամ Օրբելյանը պարզաբանման ենթակա ևս 2 հարց ուներ դատախազության ներկայացուցչին, սակայն վերջինս նշեց, որ կկարողանա դրանց գրավոր ձևով պատասխանել։ Տիգրան Ենոքյանը ևս 2 միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը կքննարկի, երբ պատասխանող կողմը ստանա դատախազության կողմից ներկայացված պարզաբանումները։

Դատական նիստը հետաձգվեց։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել