ԵԿՄ վարչության ուղերձը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ․
«Սիրելի հայրենակիցնե՛ր,
Շնորհավորում ենք բոլորիս Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանի Ազգային Հերոս, Արցախի հերոս, հաղթանակ կերտած Սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան:
Շնորհավո՛ր տարեդարձդ, հայ ժողովրդի հերոս զավակ:
Օրհնվի Ծնունդդ՝ Վազգեն Սարգսյան:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը եզակի մեծություն էր, եւ որքան մոտենում էիր նրան, այնքան ավելի մեծ ու վեհ էր:
Բոլորին զգում ու բոլորին տեսնում էր: Այդ բացառիկ ունակությունների տեր երիտասարդը կարողացավ համախմբել բոլորիս: Արցախյան շարժման տարիներին Սարգսյանը հիմնեց եւ գլխավորեց Երկրապահ կամավորականների կառույցը: Երկրապահ կամավորականների միությունը հիմք հանդիսացավ Հայոց բանակի ստեղծմանը եւ մեծ դերակատարություն ունեցավ Արցախյան պատերազմի հաղթանակի համար։
Երկրապահ կամավորականների միությունն այժմ էլ բանակի հետ կողք կողքի սահմաներում է եւ կատարում է իր սրբազան պարտքը՝ հայրենի սահմանների պաշտպանությունը։
Սպարապետն ասում էր. «Կկարողանանք վերագնահատել մեր անցած ուղին, ուզվորից ու հաշմանդամից, փառք Աստծո, վերածվեցինք պայքարող, ինքնորոշվող ժողովրդի, ու կկարողանանք մեր մեջ դաստիարակել վճռական մենակի հոգեբանություն, բարեգործներ ու հովանավորներ փնտրող մեր միտքը վերջնականապես կսևեռվի՞ զինակիցների՝ ինքնապաշտպանության ընկերոջ վրա, մեր կուսակցությունները կդադարեն լինել պառակտիչ, անհանդուրժող ու ամբարտավան, հայ ոստիկանը վերջնականապես կհասկանա, որ կոչված է ծառայելու իր ժողովրդին և ոչ թե հակառակը: Ամուր կանգնենք մեր հողին, վճռական մենակը հնարավոր ելքերը գտնում է: Լա’վ է լինելու: Աստված օգնական»:
Սպարապե՛տ, Քո գաղափարախոսությունը որպես փարոս, ուղեցույց մինչ օրս լուսավորում է մեզ. երկրապահ կամավորականների միությունը հավատարմորեն ծառայում է մեր հայրենիքին:
Կրկին շնորհավո՛ր լուսավոր ծնունդդ, Վազգե՛ն Սարգսյան,
Փա՛ռք ՔԵԶ, Սպարապե՛տ.
Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,
Փա՛ռք Հայ զինվորին,
Հավերժ փա՛ռք նահատակվածներին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
Խաղաղություն մեր երկրին»: