Վարժական հավաքներին մասնակցող աշխատողների աշխատավարձի 50 տոկոսը կպահպանվի․ նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կատարել փոփոխություն, ըստ որի վարժական հավաքներին մասնակցող աշխատողի աշխատավայրում ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով կպահպանվի վերջինիս աշխատավարձը:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սահմանված կարգավորումների տրամաբանությունը կայանում է նրանում, որ զինվորական վարժանքները կամ զորավարժություններն անցկացվում են առավելագույնը 10 օրացուցային օր ժամկետով, որի ընթացքում դրանց ներգրավված աշխատողների միջին աշխատավարձն այդ օրերի քանակով պահպանելու հանգամանքը մեծ բեռ չէ գործատուների համար, իսկ վարժական հավաքները կարող են հայտարարվել ընդհուպ 3 ամիս ժամկետով, որի ընթացքում աշխատողի հիմնական աշխատավայրում վարձատրության պահպանումը խնդիրներ կառաջացներ գործատուների մոտ՝ այդ թվում նաև ժամանակավոր բացակայող աշխատողի փոխարեն այլ անձի հետ աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և վարձատրելու առումով:

Ներկայումս որոշվել է այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները: Խնդիրն առավել արդիական է դառնում այն պահեստազորայինների մասով, որոնց հիմնական աշխատավայրում ստանում են բարձր աշխատավարձ: Այդ նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը, առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել, որ հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա մի կողմից՝ վարժական հավաքներին մասնակցող աշխատողի մասով՝ բարձր աշխատավարձ ստանալու դեպքում համապատասխան չափով պահպանված աշխատավարձի և հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի ընդհանուր գումարը հնարավորինս մոտարկել բարձր աշխատավարձի չափին, և մյուս կողմից՝ մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:

Այսպիսով կսահմանվի․ 

«Հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել