Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս– Ստեփանակերտ երթուղով: Ստեփանակերտում անցկացվել է մարդասիրական ակցիա, որի շրջանակներում բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին մթերային փաթեթներ տրամադրվել։

«ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տարածքների ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։Հայտնաբերվել և վնասազերծվել է 1 պայթյունավտանգ առարկա

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը ականներից և արկերից մաքրել են 2510,1 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ,1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26765 պայթյունավտանգ առարկա:

ՌԴ խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանվում է շարունակական փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել