Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով կալանքի տակ է 2021 թվականի աշնանից և թույլ տալ նրան բուժվել արտերկրում, փոխանցում է Meduza-ն։
Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատգամավորները լրջորեն անհանգստացած են քաղաքական գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ, ուստի հորդորում են Վրաստանի իշխանություններին չմոռանալ, որ իրենք են պատասխանատու Սահակաշվիլիի առողջության և բարեկեցության ապահովման, ինչպես նաև նրան համապատասխան բուժում ապահովելու համար:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 577, դեմ է քվեարկել 33 պատգամավոր։
Եվրախորհրդարանի բանաձևն իրավաբանորեն պարտադիր չէ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Միխեիլ Սաակաշվիլիին հեռակա դատապարտել է 3 տարվա ազատազրկման բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով՝ քաղաքական գործչին մեղավոր ճանաչելով իշխանության չարաշահման հոդվածով։ Նույն տարվա ամռանը դատարանը Սաակաշվիլիին հեռակա դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ նախկին խորհրդարանական Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում կազմակերպելու գործով։
2021 թվականի հոկտեմբերին նախկին նախագահը գաղտնի վերադարձել է Վրաստան, սակայն շուտով նրան ձերբակալել են և կալանավորել։ Բանտում քաղաքական գործչի վիճակը սկսել է վատանալ։ 2022 թվականի մայիսից Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիի Vivamed կլինիկայում։ Դատական նիստերի ժամանակ 20 բժիշկ հայտնել է, որ Սահակաշվիլին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 2023 թվականի փետրվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը, որով վերջիններս պահանջում էին Սաակաշվիլիին կամ ազատել պատժից, կա՛մ կասեցնել պատիժների կատարումը։
Մի քանի օր առաջ Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններից պահանջել էր «դադարել ծաղրել» քաղաքական գործչին և վերադարձնել նրան Կիև, քանի որ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ունի։