Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով – խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ Իրականացվել է մարդասիրական բեռով երկու ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,6 հա տարածք։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։