Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել Թուրքիայի 10 նահանգներում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի 10 նահանգներում, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժերից, փոխանցում է Anadolu-ն։

Թուրքիայի ղեկավարն ասել է, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում ցնցումների զոհ է դարձել 3549 մարդ, վիրավորվել՝ 22168-ը։ Փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 8000 մարդ:

«Մենք կանգնած ենք ամենամեծ աղետներից մեկի առաջ ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Աղետի գոտում աշխատանքի համար մոբիլիզացվել են պետական ​​բոլոր կառույցների, անձնակազմի ջանքերը։ Առաջին փուլում 100 միլիարդ լիրա է հատկացվել աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։

Երկրաշարժի գոտի է ուղարկվել 54 հազար վրան, 102 հազար մահճակալ, առաջին անհրաժեշտության պարագաներ, հերթապահում են շտապօգնության մինչև 1000 մեքենա և 2 ինքնաթիռ։ Հինգ հազար բուժաշխատողներ օգնում են տասը նահանգների բնակիչներին։

Էրդողանի խոսքով՝ աղետի գոտում արդեն աշխատում է 53317 փրկարար։ Նրանց թիվն օրեցօր ավելանում է Թուրքիայից և այլ երկրների թիմերի շնորհիվ։

«Մենք տեսնում ենք կեղծիքների և ապատեղեկատվության միջոցով հասարակության մեջ պառակտում ստեղծելու փորձեր։ Ամեն ինչի համար ժամանակին պատասխան կպահանջենք»,- վստահեցրել է Էրդողանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել