Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06:13-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գյոլբաշի շրջանից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը ընկած է եղել երկու կիլոմետր խորության վրա։
———————
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։