Ինչպե՞ս է որոշվում նոր ծնված երեխայի կարգաթիվը

Կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման   1-ին կետի 2-րդ  ենթակետի համաձայն՝ միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:

Համաձայն նույն կարգի 2-րդ հավելվածի 8-րդ  կետի 8-րդ, 8.1, 9-րդ, 10-րդ, 13-րդ և 15.1 կետերի իրավակարգավորումների՝

  • նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)՝

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.

3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝

ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝

(8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր ՍԴՈ-1438 որոշմամբ):

գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝

դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:

  • Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում: Նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնելու համար ներկայացվում է մահացած երեխայի (զավակի)՝ նոր ծնված երեխայի ծնողներից սերման փաստը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև մահվան վկայականը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:
  • Մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած` սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաները (զավակները) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի են առնվում սույն կարգի 8.1-ին կետում նշված դեպքում: Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած՝ նոր ծնված երեխան (երեխաները) նոր ծնված մյուս երեխայի (երեխաների) կարգաթիվը որոշելու համար հաշվի չի առնվում:
  • Բացառությամբ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած երեխայի՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո (մինչև նպաստը նշանակելու համար դիմելը) մահացած երեխան (զավակը) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի է առնվում այն դեպքում, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ բավարարել է սույն կարգով սահմանված պայմանները: Նոր ծնված երեխայի խնամակալ ճանաչված անձիերեխաները (զավակները), այդ թվում` որդեգրած, ծնողի խնամակալության տակ գտնվող նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:
  • Սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների (զավակների) թվում հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցած երեխաները և զավակները (բացառությամբ որդեգրված երեխաների և զավակների): Եթե երեխան (զավակը) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է միևնույն հորից (նոր ծնված երեխայի համահայր քույրը կամ եղբայրն է):

Պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (պերինատալ շրջանում մահացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված չափով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել