Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «խորապես վշտացած է» Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի և մարդկային զոհերի համար և խոստացել է օգնություն Վաշինգտոնից։
«Ես հանձնարարել եմ իմ թիմին շարունակել ուշադիր հետևել իրավիճակին՝ համաձայնեցնելով Թուրքիայի հետ և տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն», – գրել է նախագահը Twitter-ում:
Այս մասին գրում է Aljazeera-ն։
———————
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության: Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում, որտեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։