Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը՝ նշելով, որ փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը մեծ տարածք է ընդգրկել և մեծ վնասներ է հասցրել:
«Թուրքական ցանցի վերջին ճշգրտումներով երկրաշարժի մագնիտուդը 7,8 է եղել: Համեմատելու համար նշեմ, որ Սպիտակի երկրաշարժը եղել է 7,0: Երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդի դեպքում 10 բալից ավելի է՝ մոտ 11 բալ: Եթե հաշվի առնենք, որ խորությունը մասնագետները գնահատում են 7-ից 10 կիլոմետր, ուրեմն ավերածությունների մասշտաբը շատ մեծ կլինի: Երկրաշարժը որոշ չափով ընդգրկել է նաև Սիրիայի տարածքը. ավերվածության գոտին հասել է մինչև Հալեպ: Հետևանքները շատ ծանր կլինեն Թուրքիայի և Սիրիայի համար թե մարդկային, թե նյութական կորուստների տեսակետից: Զոհերի թիվը հայտնում են դուրս բերված դիերի քանակով: Ես համոզված եմ, որ այդ թիվը շատ մեծ կլինի: Զոհեր կան նաև Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում՝ մինչև Հալեպ ընկած տարածքներում»,- ասաց սեյսմոլոգը:
Մասնագետը նշեց, որ Թուրքիայի հարավ-արևելյան մասում՝ Կիպրոսից դեպի Թբիլիսի ձգվող ուղղությամբ, բեկվածք է անցնում, որը կոչվում է Արևելա-անատոլիական բեկվածք. այն ծնում է ուժեղ երկրաշարժեր՝ մինչև 11 բալ ուժգնությամբ: Փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը հենց այս բեկվածքի հետևանքն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
———————
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության: Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում, որտեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։