Վարչապետ Նիկոլ Փաշինյան Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»:
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության: Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում, որտեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։