Ադրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Միրզոյանը՝ Բորելին

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Հայկական կողմը կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացումը՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխարգելելու համար։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել