Հունվարի 23-ին՝ ժամը 21։45-ի սահմաններում, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում 2 մարդու դի է հայտնաբերվել։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրելլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանը։ Լրագրողների հետ զրույցում Դեմիրելլին նշել է, որ հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։
Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանվել է 4 մարդ, որոնցից ծխից տուժած 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Սկսվել է հետաքննություն։ Նահանգապետարանը նաև ցավակցել է եկեղեցական համայնքին և թաղամասի բնակիչներին։