Սահմանադրության 135-րդ հոդվածով սահմանվում է, որ Հանրապետության նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: «Ներման մասին» ՀՀ օրենքին համաձայն՝ Հանրապետության նախագահը սահմանադրորեն ամրագրված իր լիազորությունն իրականացնում է միայն ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին վարչապետի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա, որին կցվում է նաեւ ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը եւ Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում):
Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից։
Ներման խնդրագիր ներակայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ՝ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ եւ ներկայացնում վարչապետին: Վարչապետը, դատապարտյալի վերաբերյալ ստացված անձնական գործն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը եւ Հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում): Վերոշարադրյալ առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահն ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին: