Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության կարգում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն սկսել է հանրակրթության դպրոցի տնօրենների վերապատրաստման, հավաստագրման գործընթաց, որը ենթադրում է նոր բաղադրիչ: Փոփոխություններ են կատարվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում։

Այսպիսով, հարցաշարերը բաղկացած են լինելու 616 հարցից: Հարցաշարի հիման վրա արդեն վերապատրաստող կազմակերպությունները ներկայացնելու են իրենց ծրագրերը, կդիմեն նախարարությանը երաշխավորում ստանալու համար:

Այնուհետև, ըստ ժամանակացույցի, կիրականացվի տնօրենների հավակնորդների վերապատրաստման գործընթացը, որից հետո կսկսվի բուն հավաստագրման գործընթացը: 2023 թվականի հունվարի 1-ից լինելու է միայն թեստավորումը: Հարցազրույցի բաղադրիչը դուրս է գալիս:

Մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը գործող կարգավորմամբ՝ այն անձինք, որոնք ուզում են տնօրեն դառնալ կամ վերընտրվել պետք է նորից դիմեն, հավաստագիր ստանան, որ կարողանան մասնակցել տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին: Նոր կարգավորումների համաձայն, գործող տնօրեններն այլևս հավաստագրման գործընթաց չեն անցնելու:

Հավաստագրում միայն անցնելու են առաջին անգամ տնօրեն դառնալ ցանկացողները: Փոխարենն, այն տնօրենները, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է, իրենք պետք է ատեստավորման գործընթաց անցնեն, որի հիմքում դրված է լինելու իրենց կողմից ներկայացված զարգացման ծրագրի կատարողականը:

2023 թվականի հունվարի 1-ից դպրոցի խորհուրդը չի  իրականացնելու մրցույթ և չի ընտրելու տնօրեն: Ձևավորվելու է մասնագիտական հանձնաժողով հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերը լսելու համար: Այդ հանձնաժողովը լիազոր մարմնին տալու է եզրակացություն և դրա հիման վրա էլ լիազոր մարմինը տվյալ ուսումնական հաստատությունում նշանակելու է տնօրեն: Մասնագիտական հանձնաժողովը ձևավորվելու է ենթաօրենսդրական ակտերով, կառավարության որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել