Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը բաց նամակով դիմել է շոու բիզնեսի ներկայացուցիչներ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին։
«Հարգելի Գարիկ և Սոնա,
մամուլի հրապարակումների համաձայն դուք պատրաստվում եք 2022 թ. դեկտեմբերի 31-ին ելույթ ունենալ «Ամանորյա» միջոցառմանը:
Ամանոր բառը գրում եմ չակերտների մեջ, որովհետև այդ միջոցառման իրական նպատակը զուգահեռ` հայ իրականության հետ կապ չունեցող իրականության ստեղծումն է:
Իրականություն, որտեղ Եռաբլուրը գնալով չի մեծանում,
Իրականություն, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ չի եղել պատերազմ,
Իրականություն, որտեղ չեն եղել հարյուրավոր զոհեր և վիրավորներ,
Իրականություն, որտեղ հայրենիքի համար նահատակվածների մարմինները դեռևս մեր սարերում չեն,
Իրականություն, որտեղ թշնամին մեր ինքնիշխան տարածքում չէ,
Իրականություն, որտեղ հայկական Արցախը և 120,000 հայեր գերության մեջ չեն:
Մինչդեռ բոլոր վերոնշվածները մեր իրականության, իրական Հայաստանի առօրյայի ընդամենը մի մասի նկարագրությունն են:
Այս իրականութան պայմաններում է, որ անհասկանալի է դառնում ՊԵՏԱԿԱՆ մակարդակով որևէ շքեղ տոնախմբության անցկացումը և դրան Ձեզ նման հանրային մեծ լսարան ունեցող արվեստի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը:
Կանխելով «Իսկ ի՞նչ անենք, միթե երեխաներն իրավունք չունեն ուրախանալու» հարցի հնչեցումը ձեր կողմից, ուզում եմ ասել, որ երեխաներն, անշուշտ, իրավունք ունեն ուրախանալու: Բայց ուրախանալուց առաջ երեխաները նաև ունեն
Կյանքի իրավունք,
Ազատ տեղաշարժի իրավունք,
Կրթության իրավունք,
Արժանապատիվ ապրելու իրավունք,
Շրջափակված չլինելու իրավունք,
Վերջապես հայրենիքի համար նահատակված հոր գերեզման ունենալու իրավունք…
Այս օրերին տասնյակ հազարավոր հայ երեխաներ զրկված են այս իրավունքներից շատերից:
Հարգելի Գարիկ և Սոնա,
այն նույն պահին, երբ Հանրապետության հրապարակից դուք շնորհավորելու եք Ամանորը, հայերի մի մասը լինելու է Եռաբլուրում, մյուս մասը շրջափակված Արցախում:
Այդպիսով, դուք, ըստ էության, գործիք եք դառնալու իշխող ուժի ձեռքերում` աշխարհի համար մեր ողբերգական իրականությունը կոծկելու և աղետի իրական մասշտաբները թաքցնելու գործում:
Եթե մամուլում տարածված տեղեկատվությունը սխալ է և Դուք չեք մասնակցելու այդ միջոցառմանը, հայցում եմ ձեր ներողամտությունը:
Սակայն եթե տարածվող տեղեկատվությունը ճիշտ է, ամենայն հարգանքով խնդրում եմ Ձեզ վերանայել այդ միջոցառմանը մասնակցելու ձեր որոշումը:
Այդ միջոցառման փոխարեն առաջարկում եմ մասնակցել դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանի մոտից դեպի Եռաբլուր ուղևորվող «Լռության երթին», որը կազմակերպել են Արցախի երիտասարդները` կոչ անելով 2023 թ. դիմավորել Հայրենիքի համար նահատակվածների հետ Եռաբլուրում:
Հարգանքով`
Քրիստինե Վարդանյան
Հայ մարդ»,-նշել է պատգամավորը։