Հայտնի է տարվա հայերեն բառը

Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։

Այս մասին տեղեկանում ենք Լեզվի կոմիտեի տարածած հայտարարությունից։

«Ընտրության համար առաջարկել էինք 12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։

Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը):
Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, և սրճարանում, ազատ ու անկաշկանդ միջավայրում անցկացվում են գիտական քննարկումներ, խոսվում է գիտության մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի։
Ուշագրավ է, որ առաջին տեղում գիտությանը, գիտական կյանքին առնչվող բառն է։

Երկրորդ տեղում ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ բառն է (16%):
Բանակաշինությունը բանակը ստեղծելու, ձևավորելու և մշտապես բարեփոխումներ իրականացնելու գործընթացն է։ Երկրորդ տեղը զբաղեցնելը զարմանալի չէ, քանի որ բառն արդիական է և հաճախադեպ։

Երրորդ տեղում ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ բառն է (11%):
Ինքնիշխանությունը երկրում բարձրագույն իշխանության գերակայությունը և միջազգային հարաբերություններում այլ իշխանություններից բացարձակ անկախությունն է։

Բառը հատկապես այժմ հաճախադեպ է, քանի որ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ կարևոր է պահպանել ինքնիշխանությունը։

Ամենաշատ ձայներ հավաքած եռյակին հաջորդում են ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ (8%), ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ (7%), ԳՐՔԱՏՈՆ (7%), ՏԵՍԱԲԱՑԻԿ (6%) բառերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել