Հարկային ծառայողների վարձատրության համակարգն ունի հետևյալ կառուցվածքը.
1) հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը պայմանավորված է հարկային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և հարկային ծառայողի` հարկային մարմնում ունեցած աշխատանքի ստաժով
2) լրացուցիչ աշխատավարձ, որը ներառում է`
– աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները,
– հարկային ծառայության դասային և հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները,
– ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով, հատուկ առաջադրանքների որակյալ կատարման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով` հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից տրվող պարգևատրումները:
Հարկային ծառայողների հիմնական աշխատավարձի համակարգը հետևյալն է`
1) հարկային ծառայողների պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.
2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ և յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):
3) հարկային ծառայության որոշակի պաշտոնում հարկային ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.
4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված հարկային ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
5) հարկային մարմնի ղեկավարի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7.75 գործակցով՝ առանց հաշվի առնելու հարկային ծառայության ստաժը:
Հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբի ստորին ենթախմբի պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.00 գործակից, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:
Հարկային ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածներով: Հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել ավելի ցածր, քան նախորդ տարվա բազային պաշտոնային դրույքաչափը:
Հարկային ծառայողների վարձատրության չափերի փոփոխություն իրականացվում է բազային աշխատավարձի մեծության կամ հարկային ծառայողների վարձատրության համակարգի վերանայման միջոցով: Կառավարության լիազորած մարմինը Հարկային ծառայության մարմնի առաջարկով յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն: