Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող պռովոկացիոն գործողությունները և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ:

«Հարգելի գործընկեր,

Սույնով ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող պատերազմի մասին։

2020 թվականի 44-օրյա պատերազմով չբավարարված Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ էթնիկ հայերին տեղահանել իրենց հայրենիքից։ Երեկ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, քաղաքացիական հագուստով ադրբեջանական հատուկ ջոկատայինները, ներկայանալով/ձևանալով որպես բնապահպաններ, փակեցին Լաչինի միջանցքը՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Բնապահպանական խնդիրների պատրվակով Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է մտնել Արցախ և այնտեղ վերահսկել հանքերի շահագործումը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Այս գործողության արդյունքում Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առաջ։ Արցախի շուրջ 120.000 բնակիչ արգելափակված է և զրկված են շտապ բուժօգնությունից։

Լաչինի միջանցքի արգելափակումը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ որդեգրած ցեղասպանության քաղաքականության վերաբերյալ ահազանգի գործնական արտահայտությունն է։ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները և ադրբեջանական զինուժի սադրանքները էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հայերի համար և այն ավելի առարկայական դարձնում։ 

Գործընկերներ, ես մեծ հույս ունեմ, որ Դուք Ձեր ձայնը կբարձրացնեք այս հանցագործության դեմ և կաջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ պաշտպանելու իր կյանքի իրավունքը:

Հարգանքներով Ձեր,

Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել