Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի օգնական Էլնուր Մամեդովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Minval-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանի ինքնիշխանության հետ կապված հարցերը լուրջ մտահոգություն են առաջացնում հասարակության մեջ։
«Ուստի, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ ակտիվիստներ և խմբեր հավաքվել են Շուշա-Խանքենդի-Լաչին ճանապարհի խաչմերուկում և հայտնել իրենց բողոքը»,- հայտարարել է Հաջիևը՝ ընդգծելով, որ ցուցարարների կարծիքները համապատասխանում են իրենց կարծիքի հետ։
Նա նշել է, թե «ցուցարարները» օրինական պահանջներ են ներկայացնում, ոչ մի անօրինական բան չեն ուզում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Դեկտեմբերի 13-ի երեկոյան ադրբեջանական կողմը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։