ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է մահից, ուստի միջուկային զենք չի օգտագործի Ուկրաինայում: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Netflix-ի հատուկ թողարկումում։
«Ես տեսա նրան, և տեսա նրա ապրելու ցանկությունը, նա շատ է սիրում այս կյանքը։ Նա նույնիսկ երկար սեղանի շուրջ է նստում, վախենում է վարակվել կորոնավիրուսից կամ այլ բանից։ Սա խոսում է այն մասին, որ նա վախենում է մահից և սիրում է կյանքը։ Ես վստահ չեմ, որ նա պատրաստ է միջուկային զենք կիրառել, քանի որ նա հասկանում է, որ եթե դա անի, ապա հաջորդ քայլերը կարող են լինել ցանկացած պետության կողմից անձամբ իր նկատմամբ»,-նշել է նա։
Զելենսկին հավելել է, որ Պուտինը ուկրաինացի երեխաներից գողացել է մանկությունը․ «Մի կողմից կարելի է ասել, որ Պուտինը մեր երեխաներից գողացել է մանկությունը, մյուս կողմից՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան տա պետությանը՝ պաշտպանելու համար… Մեր երեխաները տվել են իրենց մանկությունը»:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։
Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։
Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։