Կսահմանվեն ընտանեկան բժիշկ ընտրելու, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը. առողջապահության նախարար

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներով, ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, առաջարկվում է սահմանել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը:

Նշվել է, որ առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատելու լիազորությունը կվերապահվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Առողջապահության նախարարի հավաստմամբ լիազոր մարմնին կվերապահվի նաեւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու, ինչպես նաեւ մոր եւ մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը եւ ժամկետները սահմանելու լիազորությունները:

«Մի քանի ուղղություններով կարեւոր լիազորություններ ենք սահմանում»,-ասել է Առողջապահության նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նաեւ նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թ. նոյեմբերի հանձնարարականի կատարումը:

Քննարկման արդյունքում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի հերթական նիստում:

Օրենքի նախագիծն առաջիկա ԱԺ հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել