«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել․ պարզաբանում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին, հայտնում են ԲԿ-ից։

«Դեպքի կապակցությամբ ներկայացնում ենք մեր պաշտոնական հայտարարությունը:

Ս․թ․21.11.2022 ծննդկան,  33 ամյա Կ․Մ․-ն հղիության 39-40 շաբաթական ժամկետում ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ:

Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները:

Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով:

Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն:

Կատարվել են ըստ չափորոշիչների նախատեսված դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ:

Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը:

Որոշում է կայացվել ծննդկանին շտապ տեղափոխել վիրահատարան:

Հաշվի առնելով կնոջ տարիքը սկզբում կապվել են զստային զարկերակները՝ արգանդը պահպանելու նպատակով: Սակայն շարունակվող արյունահոսության պատճառով վիրահատությունն ավարտվել է արգանդի և հավելումների հեռացումով (էքստիրպացիա)՝ կնոջ կյանքը փրկելու նպատակով:

Վիրահատության ընթացքում շարունակվել են կյանքի կենսական ցուցանիշների ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Իրականացվել են ներվիրահատական արյան բաղադրիչների փոխներարկում:

Վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ , որը արագ վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում՝ սիրտ-անոթային բժիշկների կողմից:

Այնուհետև կինը տեղափոխվել է Ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շուրջ 6 ժամ շարունակ իրականացվել է ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է ևս 3 անգամ սրտի կանգ:

Իրականացված անհրաժեշտ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը կրկին վերականգնվել է:

Վերջին անգամ սրտի կանգ է արձանագրվել ժամը 18:35 ժամանակահատվածում:

Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել:

Ժամը 19:45-ին գրանցվել է կնոջ կենսաբանական մահը:

Եվս մեկ անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել