Ռուսները պատրաստվում են Բելառուսից իրենց զորքերի առանձին ստորաբաժանումներ տեղափոխել Ուկրաինայի օկուպացված տարածքներ, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Հակառակորդի անձնակազմի և զինտեխնիկայի տեղաշարժը շարունակվում է կորուստներ կրած ստորաբաժանումների համալրման ուղղությամբ։
Ակնկալվում է, որ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում գործող թշնամու զորքերի խմբավորումը կուժեղացվի մարտական հնարավորություններ ձեռք բերելուց հետո Բելառուսի Հանրապետության տարածքից առանձին ստորաբաժանումների տեղափոխման շնորհիվ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Շտաբից հայտնում են նաև, որ ընթացիկ օրվա ընթացքում հակառակորդը 4 հրթիռային հարված է հասցրել Զապորոժիեի շրջանի Ռազումովկա և Դնեպրոպետրովսկի շրջանի Մուսիևկա (Կրիվոյ Ռոգ) բնակավայրերի քաղաքացիական օբյեկտների վրա։ Իրականացրել է շուրջ 10 հարձակում բազմակի հրթիռային համակարգերից։ Հակառակորդի հրթիռային հարվածների սպառնալիքը Ուկրաինայի խորքում կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներին պահպանվում է։
«Վոլինի և Պոլեսյեի ուղղություններում իրավիճակը էապես չի փոխվել, զավթիչների հարձակողական խմբերի ձևավորման նշաններ չեն հայտնաբերվել։
Բելառուսը շարունակում է աջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիային, տրամադրում է իր տարածքն ու օդային տարածքը հրթիռային և օդային հարվածների համար։ Բելառուսի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները, որոնք մտնում են, այսպես կոչված, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորման մեջ, ներգրավված են պետական սահմանի մի հատվածի ամրապնդման գործում»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։
Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։
Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։