Կարող է նշանակվել տուգանք. «Սև ուրբաթ»-ին ընդառաջ ՄՊՀ-ն զգուշացնում է տնտեսվարողներին

ՄՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին և այլ ակցիաներին առնչվող խախտումներից:

Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:

Հիշեցնում ենք, որ այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի և այլ ակցիաների համար:

Ըստ այդմ՝
🔹ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից,
🔹ակցիա իրականացնողն ապահովում է միջին եւ զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար,
🔹միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ: Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչեւ 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով,
🔹զեղչերի եւ այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է,
🔹ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ,
🔹նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիայի բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:

Օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 %-ի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել