Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), քան Հայաստանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Յենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում է ադրբեջանական Minval-ը։
«Նույնիսկ այն կազմակերպություններում, որոնց անդամ չենք, մենք շատ ընկերներ ունենք, և վերջին տարիների ու ամիսների իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս դա։ Օրինակ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Մենք ՀԱՊԿ անդամ չենք. Հայաստանն այս կազմակերպության անդամ է, և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջներ ներկայացնել Ադրբեջանի դեմ, բայց իրականում ուզում էր իր անդամ երկրներին մղել Ադրբեջանի դեմ։ Սա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն։
Սակայն Հայաստանի այս սադրանքը ձախողվեց, և ՀԱՊԿ երկրները չտրվեցին դրան։ Սա նշանակում է, որ կազմակերպությունում մեր ընկերներն ավելի շատ են, քան Հայաստանինը։ Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական։ Որովհետև ամեն տեղ ստում են, ու իրենց հարցերը լուծելու համար, ինչպես ասում են, դուռ չի մնացել, որ չթակեն։ Այս ամենն ակնհայտ է, բոլորը գիտեն դրա մասին»,- ասել է Ալիևը։
Նա նաև նշել է, որ զգալիորեն ամրապնդվել են երկրի միջազգային դիրքերը։