Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցնում է, թե Բաքվին հաջողվել է կասեցնել Ֆրանսիայի և Հայաստանի սադրանքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում, փոխանցում է ադրբեջանական Minval-ը։
«Վերջերս Ադրբեջանի դեմ կեղտոտ սադրանք էր ծրագրվում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում, որի անդամ չենք, բայց ինչ-ինչ պատճառներով Հայաստանը անդամակցում է։ Այս սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, այն Ֆրանսիան, որն այժմ հովանավորում է Հայաստանը։ Նրանք միմյանց քույրեր են անվանում: Նրանք կարող էին միմյանց եղբայր անվանել, բայց չգիտես ինչու ասում են՝ քույր։ Գագաթնաժողովում պատրաստված բանաձևի նախնական տարբերակը հիմնված էր բացառապես հակաադրբեջանական թեզերի վրա և լիովին հակասում էր իրականությանը։ Բայց բոլոր հակաադրբեջանական թեզերը բացառվեցին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մեր ընկերների ջանքերի շնորհիվ՝ նրանք մեր ընկերներն են բառիս բուն իմաստով։ Այս հնարավորությունից չկարողացավ օգտվել նաև ֆրանս-հայկական տանդեմը։
Այսինքն՝ դա ցույց է տալիս, որ գնահատվում է մեր հեղինակությունը միջազգային կազմակերպություններում, այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք միջազգային մակարդակով։ Որովհետև մենք միշտ պատասխանատվությամբ ենք վերաբերվում յուրաքանչյուր աշխատանքի»,- ասել է Ալիևը իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված համաժողովում։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներն իրենց համերաշխությունն են հայտնել Հայաստանին՝ երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերների համատեքստում։
Թունիսում Ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության 18-րդ գագաթաժողովի ավարտին ընդունված բանաձևը խորը մտահոգություն է հայտնում վերջին ռազմական էսկալացիայի (Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ), հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների կապակցությամբ։