Ռուսաստանում մոբիլիզացիայի երկրորդ ալիքի հնարավորությունը Կրեմլում չի քննարկվում․ նոյեմբերի 21-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Այս մասին ոչ մի քննարկում չկա»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ չի կարող խոսել ՌԴ ՊՆ-ի անունից, սակայն ընդգծել է, որ «Կրեմլում այդ հարցի շուրջ քննարկումներ չկան»։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացիայի մասին է հայտարարել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է հազար կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայի ազատագրված տարածքները վերահսկելու համար։
Նախատեսվում էր ընդհանուր առմամբ 300.000 պահեստազորայինների հավաքագրել Ռուսաստանի Զինված ուժեր, ինչը կազմում է երկրի ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի մեկ տոկոսը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր ռեզերվից քաղաքացիների կանչի դադարեցման մասին, քանի որ անհրաժեշտ քանակն արդեն լրացվել էր։