Հանգամանքները պահանջում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ռուսաստանում, ուստի նա որոշել է չմեկնել Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին։ Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Ինչ վերաբերում է նախագահին, հանգամանքները թելադրում են նախագահի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու առաջնահերթությունը, ուստի որոշվեց, որ ռուսական կողմն այս գագաթնաժողովին կմասնակցի արտգործնախարարի (ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի) մակարդակով», – ասել է Կրեմլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ G20-ի առաջնորդները, ցանկության դեպքում, կարող են հանդիպումներ ունենալ ռուսական կողմի հետ։ «Ռուսաստանը գագաթնաժողովում ներկայացված է բարձր մակարդակով և, ըստ էության, Լավրովը շփվում է այս գագաթնաժողովի մասնակիցների մեծ շրջանակի հետ, մնացած բոլորը, եթե ցանկություն են ցուցաբերում, հնարավորություն ունեն բարձր մակարդակով շփվել ռուսական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։
Նա միաժամանակ նշել է, որ Վլադիմիր Պուտինը բավական հագեցած երկխոսություն է ունեցել Ինդոնեզիայի ղեկավարության հետ, որը նախագահում է G20-ում։ «Հենց Ինդոնեզիայի ղեկավարությանը պարոն Լավրովը փոխանցեց իր բարեմաղթանքները և երախտագիտության խոսքերը այս գագաթնաժողովի նախօրեին կառուցողական երկխոսության համար», – եզրափակել է Պեսկովը։
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը։