Ինչպե՞ս ծառայության անցնել ազգային անվտանգության մարմիններում

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.

4) չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

5) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և պետական լիազոր մարմնի դրոշի առջև, պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով տալիս են երդում:

Պետք է նկատի ունենալ, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում:

Ատեստավորում անցկացնելու համար պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

Ազգային անվտանգության մարմինների սպաներն ատեստավորվում են ծառայության յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ (ենթասպաները` 3 տարին մեկ անգամ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ծառայողին բարձր պաշտոնի նշանակելու, իջեցված կոչումը վերականգնելու դեպքում անցկացվում է ատեստավորում:

Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները.

2) ազգային անվտանգության մարմինների բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները կամ բարձրագույն կոչում ունեցողները.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծառայողները:

Նախածննդյան, հետծննդյան կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց մեկ տարի հետո:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:

Ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և վերադասության կարգով բողոքարկել դրանք` ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:

Ատեստավորման ենթակա ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել