Սա ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն և դավաճանություն․ Ալիև

«Որոշ հայամետ երկրներ և Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող երկրներ փորձել են քաղաքական որոշ քայլեր ձեռնարկել մեր դեմ»,-Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում։ Նա ակնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։

Նշելով, որ տարիների ընթացքում Ադրբեջանը ստացել է միջազգային հզոր աջակցություն, պետության ղեկավարն ասել է.

«Մենք սերտ հարաբերություններ ենք հաստատել մահմեդական երկրների հետ և կարողացել ենք նրանց բացատրել, որ Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլ նաև ողջ մահմեդական աշխարհի դեմ»։

Ալիևը նշել է, որ երբ մահմեդական երկրների ղեկավարները գրկում և համբուրում են «մզկիթներն ավերածներին», սա ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն և դավաճանություն։

«Հայաստանը որպես ամբողջություն մահմեդական աշխարհում ճանաչվել է որպես մզկիթները քանդող և պղծող երկիր»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Նա նշել է նաև, թե ադրբեջանական բանակն արդեն ցուցաբերել է «իր ուժն ու պրոֆեսիոնալիզմը», և տարածաշրջանում «հիմնական ազդեցությունը», «գլխավոր խոսքն Ադրբեջանինն է»։

«Եթե հարկ լինի, մենք ևս մեկ անգամ ի ցույց կդնենք դա և կհասնենք ցանկալի արդյունքի։ Դա գիտեն բոլորը, թող իմանան նաև նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին։ Ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»,- հավելել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել