Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայկական կողմի համար ընդունելի են մոտեցումները, որոնք առաջարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հարցով ռուսական նախագծով:
Այս մասին գրում է Tass-ը։
«Անցած շաբաթ «Վալդայ» ակումբի հարթակում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին, ընդգծելով այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ հաստատելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց կողմ է արտահայտվում հայկական կողմը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերջին՝ Ձեր մասնակցությամբ փակ նիստի ընթացքում ես խոսել եմ այս մասին և ցանկանում եմ կրկին ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքների և պարամետրերի մասին ռուսական նախագծով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։