Այսօր հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում վերաթաղվեցին նախկին Վանքի մայր տաճարի տարածքում հայտնաբերված մասունքները:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Մինչև հայերեն գրություններով տապանաքարերի վերաթաղումը, ժամը 11:00 Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում անցկացվեց հոգեհանգստյան կարգ:
Այնուհետև Թբիլիսիի հայ հասարակական գործիչների և գրողների պանթեոնում տեղի ունեցավ վերաթաղման արարողություն: Ներկա էին վիրահայ համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանը նշեց, որ սա ամենաքիչն էր, որ կարող էին անել.
«Բազմիցս հարցրել են ինձ այսօրվա կարևորության մասին, այսօրը կարևորություն չունի, սա ուղղակի մեր պարտքն է, սա ամենաքիչն է որը կարող ենք անել:
Այստեղ հավաքվածներից ոչ ոք չէր ուզենա, որ իրենց գերեցմանը մնար ասֆալտի կամ բետոնի ծածկի տակ: Հուսով եմ, մեր այս քայլով այսօր վերաթաղված անձանց հոգիները կտաքանան»,-նշեց քահանան:
Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ Հայ համայնքը հանձնեց իր պարտքը.
«Հայտնաբերված նմուշները՝ Քահանա Հովհաննես Տեր-Պողոսյանի և նրա կնոջ տապանաքարերը իհարկե մեծ արժեք ունեն: Այսօր հայտնաբերված աճյունները ըստ հարկի հանձնվեցին հողին»,-նշեց Չիդիլյանը և հավելեց,-«Թեա Ծուլուկիանիի համաձայնությամբ նաև, այն տարածքներում որտեղ հնարավոր է պեղումներ կատարել և շինություններ չկան, մինչև օրս նմուշներ են հայտնաբերվում»:
Հիշեցնենք, որ նախկին Վանքի մայր տաճարի և ներկայիս Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի տարածքում հայտնաբերվել էին հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր։
Հատկանշական է, որ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար, փոխվարչապետ Թեա Ծուլուկիանին ևս այցելել էր թիվ 104 դպրոցի տարածք, ուսումնասիրելու հայտնաբերված մասունքները: