Հայաստանի Հանրապետության անկախության հենքը ու պաշտպանությունն ուղղակի կապված ու կախված է մեր Արցախից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այս պնդումը ոչ միայն հաստատվել է իրական կյանքում, այլ նաև իրավական հստակ հիմքեր ունի:
Բնական է հազարավոր Հայաստանում ապրող հայերի անկեղծ ոգևորությունն Արցախի մեր հայրենակիցների վճռական հանրահավաքից և հստակ դիրքորոշումից առ այն, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է ազգերի ինքնորոշման իրավունքից, միջազգային սովորութային իրավունքից բխող միակ լեգիտիմ պնդունը:
Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարության մեջ հստակ հղում-պահանջ կա հիմք ընդունել` Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը: Հենց այդ որոշմամբ էր արձանագրվել, որ Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ի դեպ ապրիլ ամսին իմ նախաձեռնությամբ Ազգային արխիվից ստացել էի այդ պատմական որոշման քննարկումների սղագրությունը: Ակնհայտ է, այդ ժամանակ քաղաքական իրավիճակը լարված էր, քննարկումները լարված էին, Հայ հասարակության մեջ կար խաղաղության օրակարգ, բայց չնայած այդ ամենին այդ ժամանակվա իշխանությունների համար կար ԿԱՐՄԻՐ ԳԻԾ, իսկ օրվա իշխանությունները Հայաստանում դա չունեն…:
Ցավում եմ, որ այսօր ֆիզիկապես (հարգելի պատճառով) Արցախի Հանրապետության արժանապատիվ ու խիզախ քաղաքացիների կողքին չեմ եղել…»,-նշել է նա։