Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են ողջ հանրության ջանքերի կենտրոնացում․ ՀՀ ՊՆ ղեկավար

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են ողջ հանրության ջանքերի և կարողությունների կենտրոնացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 30-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո փոխվել է ոչ միայն տարածաշրջանային ուժային բալանսը, այլև՝ միջազգային անվտանգության ճարտարապետությունը»,-ընդգծեց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ պայմանավորված աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներով, նոր պատերազմներով, լարվածության օջախներով՝ այդ ռազմական սպառնալիքները պահանջում են ինչպես պետության կողմից զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակի ապահովում, մարտունակությանն ուղղված հետևողական գործունեություն, այնպես էլ՝ Սփյուռքի լայնածավալ աջակցություն և ներգրավվածություն՝ տարբեր հարթություններում մեր երկրի պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։

«44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում իրականացվել է պատերազմից քաղված դասերի վերլուծություն, որի հիման վրա մեկնարկել է ԶՈՒ-ի համակողմանի բարեփոխման գործընթաց. զինված ուժերի պատրաստությանը, գործունեությանն ու ապահովմանն առնչվող ոլորտները ենթարկվում են արմատական փոփոխությունների, որոնք ուղղված են բանակը վերափոխելու, արհեստավարժ, մոտիվացված, արագաշարժ, ժամանակակից սպառազինությամբ և պատերազմական ճկուն գործիքակազմով բանակին»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։

Նա նշեց, որ օրենսդրական փոփոխությամբ հիմքեր են ստեղծվել պարտադիր ծառայության համակարգից դեպի արհեստավարժ բանակ անցում կատարելու համար։

«Առաջիկայում մենք օրենսդրական այդ փաթեթը կներկայացնենք Ազգային ժողովին, հավանություն ստանալուց հետո հունվարի 1-ից կմտնի գործողության մեջ»,- հայտնեց Պապիկյանը:

Նա վստահեցրեց, որ շարքային և սպայական կազմի պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվել են մի շարք փոփոխություններ ռազմական կրթության համակարգում, գործարկվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը։

«Պատերազմը և դրան հաջորդող ժամանակահատվածը, միջազգային և տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀ-ի անվտանգության ապահովման համար սեփական ռազմական արդյունաբերություն ունենալը հրամայական է: Գիտական, մասնագիտական, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Սփյուռքի հսկայական ներուժի նպատակային ներգրավումը, պաշտպանության և անվտանգային կարիքների հաշվառմամբ, կարող է նշանակալիորեն բարձրացնել Հայաստանի պաշտպանության և անվտանգային համակարգերի մակարդակը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ միավորենք մեր ջանքերը ողջ հայության ռեսուրսներն ու կարողությունները՝ հայրենիքի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով։ Որպես ՀՀ պաշտպանության նախարար, գտնում եմ, որ պետք է օգտագործենք աշխարհասփյուռ հայության ողջ ներուժը, համագործակցության նոր եզրեր փնտրելու և համատեղ նախագծերին համակարգված բնույթ տալու համար»,- եզրափակեց նա։

Համաշխարհային հայկական գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում և 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչև աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչև կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչև Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել