Արցախի ինքնության բացարձակ երաշխավորը Մայր Հայաստանն է. ԱԺ «Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար

Անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է,որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստն է:

«Արցախպրես» թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը:

«Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ հռչակելով հանրապետություն, իսկ դեկտեմբերի 10-ին՝ անցկացնելով անկախության մասին հանրաքվե: Արցախիի ժողովուրդն ինքնորոշման իր իրավունքն իրացրել է միջազգային իրավունքների հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան: Ուստի իր բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքն ու պարտականությունը, ժողովրդավարական ընթացակարգերով ընտրված Արցախի իշխանություններինն է, իսկ միջազգային հանրությունն իր հերթին պետք է խրախուսի ու օգնի Արցախին՝ իրացնելու այս պարտականությունը»,-ասաց Մ. Պետրոսյանը՝ հավելելով, որ չնայած Արցախի ժողովուրդն իր կեցությամբ, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բաղադրիչի անվտանգությամբ շաղկապվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք համակարգին, այնուամենայնիվ, ռազմաքաղաքական կայունության հեռանկարն օբյեկտիվորեն դիտարկում է առավելապես Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո:

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ելակետով հարավկովկասյան տարածաշրջանի նոր անվտանգային ճարտարապետության ու գլխավոր դերակատարների վերադիրքավորումները վկայում են, որ զարգացումների նմանօրինակ բովանդակությունն ու տեմպը կարող են հանգեցնել Հարավային Կովկասում ռուսական ազդեցութւյան չեզոքացման, ինչը մեզ ձեռնտու չէ: Արդյունքում՝ Ռուսաստան-Լեռնային Ղարաբաղ՝ փոխադարձաբար կարող են կորցնել տարածաշրջանում վերջին գոյաբանական հենակետը: Այս համատեքստում, պայմանավորված ԽՍՀՄ իրավահաջորդության և պատմական արդարության վերականգնման քաղաքական պատասխանատության փաստով, Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ երկխոսությամբ կարելի է և պետք է սահմանել հնարավոր գործակցության հստակ ուղենիշներ»-համոզմունք հայտնեց ԱՀ ԱԺ «Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ Արցախի գոյության փաստացի երաշխիքը Արցախում ապրող հայն է, Արցախի ինքնության բացարձակ երաշխավորը Մայր Հայաստանն է, Արցախի անվտանգության շոշափելի երաշխիքը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ներկայությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել