Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2022թ․ հոկտեմբերի 29-ին, ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 528-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարվում է նախաքննություն։