Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են ԱՊՀ-ում մնացած բոլորի համար, հայտնում է БелТА-ն։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը պետք է լուծվի հիմա՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդ, որի հետ կարելի է բանակցել։
«Հարցը շատ զգայուն ու բծախնդիր է, այնպես չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս, մյուս կողմից՝ Ադրբեջանը, սրանք մեր երկու բարեկամ երկրներն են…։ Մենք շատ սերտ կապեր ունենք ուղղափառ Հայաստանի հետ, որը մեզ մոտ է։ Եվ մահմեդական Ադրբեջան պետության հետ, որը շատ մոտ է մեզ։ Սա հատկապես զգայուն է ՀԱՊԿ-ի մյուս անդամների համար, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն, որտեղ 30 միլիոն մահմեդական կա, այսինքն՝ պետք է հաշվի առնել բոլոր նրբությունները, բոլոր գործոնները»,- կարծում է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն, շարունակելով իր խոսքը, մատնանշեց. «Արդյո՞ք Ադրբեջանն իսկապես ինչ-որ թշնամի կամ հակառակորդ է այստեղ ներկա պետությունների և երկրների ղեկավարների համար։ Ոչ։ Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ հարազատ պետություններն են։ Եվ սա է իրավիճակի յուրահատկությունը, մենք չենք կարող սա հաշվի չառնել։
Ադրբեջանը ղեկավարում է… Իլհամ Ալիևը: Ինչ կլինի վաղը… ոչ ոք չգիտի: Հետևաբար, այս հարցերը… պետք է լուծվեն հիմա: Ադրբեջանի ներկայիս ղեկավարության օրոք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: