ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Անկախ Հայաստանի պատմության ողբերգական դրվագներից է 1999թ․հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ։
Այսօր էլ՝ 23 տարվա հեռավորությունից ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում ահաբեկչությանը զոհ դարձած 8 պետական գործիչների՝ սպարապետ, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, փոխխոսնակներ Յուրի Բախշյանի ու Ռուբեն Միրոյանի, ԱՀ նախկին վարչապետ, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի, պատգամավորներ Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի և Միքայել Քոթանյանի անմար հիշատակը։
Խունկ ու խոնարհում նրանց շիրիմներին։
Ձեր ուժն ու ոգին դեռ մեզ հետ է, ննջե’ք խաղաղությամբ»։