Հոկտեմբերի 26-ին պաշտոնական այցով Թուրքիա է ժամանում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել 1994թ. և 1996թ. երկու երկրների միջև կնքված պայմանագրերով անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների թարմացման հարցը: Կողմերը կկենտրոնանան 12 տարի սառեցված ռազմական, անվտանգության ու պաշտպանական անվտանգության ոլորտում համագործակցության աշխուժացման, նորացման ու թարմացման վերաբերյալ ձևավորելիք ճանապարհային քարտեզի վրա:
Բացի դրանից, ըստ թուրքական աղբյուրի, հանդիպանն անդրադարձ է լինելու Ուկրաինայի, Սիրիայի ու Հարավային Կովկասի զարգացումներին: Վերջինի համատեքստում կխոսվի նաև Իրան-Ադրբեջան սահմանին առաջացած լարվածության մասին:
Նշվում է, որ վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով իսրայելական կողմից այց եղել էր Թուրքիայի 2010թ-ին։ Այցելել էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը:
Նշենք, որ տարեսկզբին մեկնարկած թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նախ մարտին Անկարա էր այցելել Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգը, իսկ մայիսին Իսրայել էր մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Դրանից հետո էլ երկու երկրները փրոշում կայացրեցին ապա փոխադարձության սկզբունքով կրկին դեսպաններ նշանակեցին՝ դիվանագիտական հարաբերությունները վերադարձնելով նախկին մակարդակին:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2010-ին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները սպանել էին թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրքի, հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցմանը:
Իսրայելի նոր կառավարության ձևավորումից հետո սկսվել է հարաբերությունների վերականգնման գործըթնաց, ինչի համատեքստում իրականացվում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ: