ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն արդեն նախապատրաստվում է, գագաթնաժողովի ժամկետների ու անցկացման վայրի մասին տեղեկությունը կլինի ավելի ուշ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
«Գագաթնաժողովը նախապատրաստվում է։ Ժամկետների ու տեղի մասին լրացուցիչ կհայտնենք», – ասել է Պեսկովը լրատվամիջոցին։
Գագաթնաժողովի անցկացման մասին խոսել է նաև ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան։
«Նախագահ Պուտինը Ռուսաստան է հրավիրել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին` հերթական եռակողմ գագաթնաժողովին, որի ընթացքում պլանավորվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը», – ասել է Զախարովան։