ԱՄՆ-ը հայտարարել է, որ զորք չի ուղարկի Ուկրաինա

ԱՄՆ-ը դեռ մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա, Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին երկուշաբթի օրը կայացած առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ոչինչ չի փոխվել [ԱՄՆ] գլխավոր հրամանատար Ջո Բայդենի որոշման առնչությամբ, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին: Այդ դիրքորոշումը չի փոխվել», – ասել է նա։

Ավելի վաղ CBS-ը, վկայակոչելով Եվրոպայում տեղակայված ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատարությունը, հայտնել էր, որ այս ստորաբաժանումը պատրաստ է մտնել Ուկրաինա ՆԱՏՕ-ի վրա հարձակման դեպքում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Այնուհետև Արևմուտքը լայնածավալ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնության դեմ և ավելացրեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը միլիարդավոր դոլարների չափով:

Բացի այդ, ԱՄՆ-ը հայտարարեց Եվրոպա լրացուցիչ ուժեր տեղափոխելու մասին՝ ՆԱՏՕ-ի արևելյան թեւն ուժեղացնելու համար։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ընդգծել է, որ մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել