Մոսկվային չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, ուր Արեւմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Այս մասին ասվում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Վաշինգտոնի եւ Բրյուսելի թելադրանքով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՀԿ-ները եւ ԶԼՄ-ները կրկնակի ուժով փորձում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։
Համոզված ենք, որ արտաքին ուժերի կողմից Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի։ Վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը եւ բազմակողմ համագործակցությունը ամրապնդելու հարցում, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել ներկայիս մարտահրավերները։
Մենք երկխոսություն ենք զարգացնում ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ուղղություններով։ Առեւտրաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Լուրջ ծրագրեր են իրականացվում եւ զարգանում տրանսպորտի եւ լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են այսուհետ եւս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում։ Մենք հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներգետիկ եւ պարենային անվտանգության ամրապնդման խնդիրները։
Ճյուղավորված կապեր են պահպանվում գիտական, կրթական եւ մշակութային ոլորտներում։ Երեւանին նշանակալի օգուտներ է բերում ԵԱՏՄ-ին մասնակցությունը»,- նշել է Զախարովան։