2016 թվականի Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած և հրաշքով փրկված Հայկ Սեխլիյանը 2022 թվականի ամռանը մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Amitié Franco-Arménienne Var Est Association-ի նախագահ, ֆրանսահայ Ալինա Վարդանյանի կազմակերպած դրամահավաքի շնորհիվ։
Հայկը հայրենիք է վերադարձել օգոստոսի 5-ին։ Մինչ գնալը խոստացել էր՝ վերադառնա, նորից այցելելու է մեզ։ Այսպիսով Iravaban.net-ը նորից հյուրընկալեց Հայկ Սեխլիյանին։ Այս անգամ արդեն նրան ուղեկցում էր Ալինա Վարդանյանը։
Ալինան պատմում է, որ ընդհանուր ընկերոջ միջոցով է իմացել Հայկի մասին։
«Հայկի մասին միշտ դրական պատմություններ եմ լսել և ցանկություն է եղել, որ պետք է օգնենք։ Իմացա, որ 2019 թվականին չի ստացվել նրա վերջնական բուժումը մինչև վերջ շարունակել արտասահմանում և արդեն 2020 թվականից սկսեցի անձամբ շփվել նրա հետ։ Երբ ասում էի, որ կօգնենք բուժումը արտերկրում շարունակել, ասում էր՝ ոչ, թող իմ փոխարեն մեկ ուրիշը ստանա այդ օգնությունը։ Որոշեցի սկսել այդ գործը, երբեմն կասկածում էի, որ այդ մեծ գումարը կհավաքվի, բայց ստացվեց հավաքել 35 հազար եվրո»,-ասաց նա։
Նշենք, որ 2019 թվականին Հայկին Կառավարության կողմից հատկացվել է գումար՝ Գերմանիայում բուժում ստանալու համար, որը կիսատ է մնացել գումարի պակասի պատճառով:
«Եթե այն ժամանակ գումարի պատճառով կիսատ չմնար բուժումը, վստահ եմ ասում՝ ձեռնափայտն արդեն մի կողմ գցած կլինեի»,-ասում է ՝ Հայկը։
Այժմ Հայկի երկու ոտքին սարքեր են ամրացված, որոնց շնորհիվ նա կկարողանա կրկին քայլել առանց ձեռնափայտի։ Սարքավորման արժեքը 14․000 եվրո է։ Սակայն սարքավորման վրա որոշ դետալներ կան որոնք ամեն ամիս պետք է փոխվեն, ինչը ենթադրում է հավելյալ գումար՝ 2 զույգն արժե 100 եվրո։ Ալինան ծիծաղում է և ասում, որ դեռ որոշ ժամանակ Հայկը ուզած-չուզած պետք է իր հետ շփվի։
Երբ Հայկը պատրասվում էր մեկնել Գերմանիա Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ իր նպատակն է առանց ձեռնափայտի վերադառնալ։ Նա այժմ կարողանում է քայլել առանց դրա, սակայն դեռ մի քանի քայլ։ Սարքավորումների շնորհիվ հիմա երկար ճանապարհ է անցնում, մինչ այդ դժվարությամբ էր քայլում, շուտ հոգնում էր։ Հպարտությամբ նշեց, որ խմբագրություն հասնելու համար շուրջ 2 փողոց ոտքով է քայլել։
Թե դեռ որքան կկրի սարքավորումները՝ պարզ չէ։
«Այնտեղի մասնագետներն ասացին, որ դա կախված է օրգանիզմից։ Հնարավոր է՝ երեք ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ ընդմիշտ։ Ես լավատեսությունս չեմ կորցրել, որ պետք է շուտ հանենք։ Փոփոխությունը միանշանակ նկատվում է։ Դրան գումարած, իմ այստեղ գալուց հետո սկսվեց սեպտեմբերյան մարտերը, մեկնեցի Ջերմուկ, այն հիմնական ֆունկցիան, որ պետք է աներ սարքավորումը, կարծես մի փոքր խաթարվեց։ Այդ իսկ պատճառով ցանկալի արդյունքը մի քիչ ուշանում է։ Օրը պարտադիր պետք է 8000 քայլ կատարեմ»,-ասում է նա։
Հայկը շարունակում է ծառայությունը և նշում, որ եթե ողջ է մնացել, ուրեմն առաքելություն ունի դեռ կատարելու։ Նա նաև մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։ Այն ժամանակ առանց սարքավորումների էր, հիմա արդեն համեմատում է, որ սարքավորման շնորհիվ ավելի է հեշտացել ռազմական գործողություններին ֆիզիկապես ներկա լինելը, մարտական առաջադրանք կատարելը։
«Անկախ ամեն ինչից, ես պարտավոր էի ներկա լինել առաջնագծում։ Խրամատներում ձեռնափայտը գրեթե չեմ օգտագործել»,-նշում է նա։
Նույնիսկ կատակում է, որ հենց մարտի դաշտում փորձարկեց սարքավորումների արդյունավետությունը․ «Ասում էի, որ անօդաչուն ընկնի, կտեսնեք՝ ոնց եմ փախնում (խմբ․,- ծիծաղում է)»։
Ալինան շեշտում է, որ Հայկը իր «գլուխ չպահող» տեսակի պատճառով հանգստի ժամանակ չի ունենում, որպեսզի ժամանակը լիարժեք տրամադրի կազդուրվելուն։
«Գնում էի առաջնագիծ ու չգիտեի՝ ինչ կլինի, կստացվի, թե՝ ոչ, քայլել կլինի, թե՝ ոչ, բայց ներքին ձայնս ասում էր՝ լավ է լինելու, քայլելու ես։ Շատերը կփաստեն, որ նույնիսկ ես եմ շատ ժամանակ տղաներին օգնել»,-նշում է նա։
Այժմ էլ, երբ հայրենիքը նոր մարտահրավերների առաջ է, Ալինան և Հայկը միասին փորձում են օգտակար լինել առաջնագծում։
Ալինան իր հետ առաջին անհրաժեշտության մի շարք պարագաներ է բերել, որոնք արդեն իսկ բաժանվել են դիրքերում։
«Սեպտեմբերի 13-ին ինքնաթիռ եմ նստել ու եկել։ Քանի որ ամեն ինչ կար, առաջնայինը, որ անհրաժեշտ էր՝ տաք հագուստն էր։ Հայկը տեղում ճշտում և ասում էր, թե ինչի կարիք կա և ես որոշեցի, որ պետք է գամ և այստեղից ձեռք բերեմ անհրաժեշտ իրերը, իսկ ինձ հետ դեղորայք եմ բերել»,-ասում է նա։
Այժմ էլ Ալինան Հայաստանում համագործակցում է որոշ գործարարների հետ և տաք հագուստով են ապահովում առաջնագծին կանգնած տղաներին։
Նա նաև ընդգծում է, թե որքան կարևոր էր Iravaban.net-ի դերը, քանի որ շատերը մինչև արդյունքը չեն տեսնում՝ չեն հավատում, չեն վստահում, իսկ հիմա իրենց կատարած աշխատանքի նկատմամբ վստահությունը էլ ավելի է բարձրացել։
«Եթե մարդիկ էլ կային, որ կասկածում էին՝ ձեր օգնության շնորհիվ տեսան և հավատացին, իմացան Հայկի մասին»,-նշեց նա։
Հայկի մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Հասմիկ Սարգսյան